27-12-2019
Սույն թվականի դեկտեմբերի 26-ին «Zhanna Arzumanyan» օգտատերը հանդես էր եկել ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որի ընթացքում նշել էր, որ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնում վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված քննչական գործողության ընթացքում իր նկատմամբ կիրառվել են անօրինական գործողություններ։
ԱՀ քննչական կոմիտեն հետամուտ լինելով ներկայացված եթերի ընթացքում նշված հանգամանքներին, պարզաբանում է.
Սույն թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 11 անց 10-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության 3-րդ քննչական բաժնի քննիչ Մեսրոպ Ղահրամանյանի կողմից իր վարույթում քննվող քրեական գործով իրականացվել է առերես հարցաքննություն, տուժող՝ Միքայել Հայրապետյանի, և մեղադրյալ՝ Տոլիկ Մելքումյանի միջև։
Առերես հարցաքննության սկզբում տուժող` Մ.Հայրապետյանը ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի պահանջներով միջնորդել է վարույթն իրականացնող մարմնին, ապահովվել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված առերեսում կատարելու և իրականացնելու կարգը, մասնավորապես թույլ չտալ առերեսման մասնակիցներին կատարել ձայնագրառում: Միաժամանակ Մ.Հայրապետյանը ներկայացրել է իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսը անջատած վիճակում: Այնուհետև պաշտպան` Ժաննա Իվանի Արզումանյանը առարկություն է ներկայացրել տուժող` Մ.Հայրապետյանի միջնորդությանը, որից հետո առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության և քննչական գործողությունը ավարտելու, մեղադրյալ Տ.Մելքումյանի հետ հեռացել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի շենքի աշխատասենյակից:
Բացի այդ, պաշտպան Ժ.Արզումանյանը հեռախոսակապի միջոցով կապ էր հաստատել ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի հետ և ներկայացրել կատարվածի վերաբերյալ իր տեսակետները, որին ի պատասխան քննչական կոմիտեի նախագահը Ժ.Արզումանյանին առաջարկել էր գրավոր ներկայացնել այն և հետամուտ լինել նշանակվող ծառայողական քննության արդյունքներին, սակայն Ժ.Արզումանյանը այս պահի դրությամբ դեռևս ոչ մի բողոք կամ առաջարկություն չի ներկայացրել։
Հավաստիացնում ենք, որ ԱՀ քննչական կոմիտեն օրենքով սահմանված կարգով կոչված է քննություն իրականացնելու կոնկրետ քրեական գործերով` իրավահավասարության և օրինականության ապահովման խստիվ պահպանմամբ, հանցագործություններից տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնման հայեցակարգում։
ԱՀ քննչական կոմիտեում ձևավորված է կարգապահական հանձնաժողով, որը հետամուտ է վարույթ իրականացնող քննիչների ինչպես իրավական, այնպես էլ կարգապահական նորմերի խստիվ պահպանման նկատմամբ հսկողության իրականացմանը։
Հարգելի քաղաքացիներ. Ձեր դիմում բողոքների, հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ներկայանալ ք.Ստեփանակերտ, Վարդան Մամիկոնյան 68 հասցեով տեղակայված ԱՀ քննչական կոմիտե, կամ՝ զանգահարել 047979006 հեռախոսահամարով, ներկայացնել դրանք http://www.investigativenkr.am/ էլեկտրոնային հասցեով, ֆեյսբուքյան էջով։
Մեր համագործակցությունը կոչված է իրավական պետության ամրապնդման Սահմանադրական նորմի ապահովմանը։