ՀայերենEnglishРусский
Նորություններ / Պաշտոնական /

ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

27-11-2019


Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն սույն թվականի նոյեմբերի 27-ին համագործակցության հուշագիր են ստորագրել։

Հուշագրի դրույթների համաձայն Կողմերն իրականացնում են համագործակցություն, գործելով իրենց իրավասության շրջանակներում, պահպանելով իրենց ազգային օրենսդրությունը՝ հետևյալ հանցագործությունների նախազգուշացման, կանխարգելման, հայտնաբերման, բացահայտման և քննության ուղղությամբ.

      - մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,

 - ահաբեկչություն և ծայրահեղականություն,

 - զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի, ատոմային և ռադիոակտիվ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն,

 - սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,

 - կյանքի, առողջության, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ,

 - մարդկանց առևտուր, տնտեսական գործունեության ոլորտում կատարված հանցագործություններ, այդ թվում՝ հարկերի վճարումից խուսափում, մաքսանենգություն, կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստում, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակություն,

      - շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ:

Կողմերը համագործակցություն են իրականացնելու մի շարք ուղղություններով և միմյանց ցուցաբերելու են իրավական օգնություն: