29-07-2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձի/անձանց/ կողմից մշտապես ունենալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, տեղյակ լինելով ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 24ա հասցեում տեղակայված և առանց քաղաքապետարանի կողմից տրվող համապատասխան թույլտվության բացօթյա առևտրային գործունեությամբ զբաղվող թվով երեք ԱՁ-ների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման և գործունեություն ծավալելու համար կանգառ-կրպակ, տերմինալ ապարատներ, սուրճի ապարատներ և սառնարաններ ինքնակամ տեղադրելու մասին և պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել նշված գործողությունները կասեցնելու ուղղությամբ, դիտավորությամբ դրանք չձեռնարկելու, ինչպես նաև նշված ԱՁ-ների նկատմամբ դիտավորությամբ լիարժեք վարչական իրավախախտումների օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու, արդյունքում Ստեփանակերտ համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառվելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածով հարուցված քրեական գործը։
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են բազմաբնույթ քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: