ՀայերենEnglishРусский
Նորություններ / Պաշտոնական /

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ.

09-10-2019


ԲՈԼՈՐԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ՝ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ.
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 5-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏՈՒՄ

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետությունում նշվեց ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրը։ Գործընկերներին շնորհավորելու էր մեկնել Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը։ 5-ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստին մասնակցում էին  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահները, ՀՀ Կառավարության անդամներ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ներկայացվում  է ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ։  

Հարգարժան Հայկ Մկրտիչի, հարգելի գործընկերներ.

Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում՝ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ։

Անկախ քննչական մարմնի կազմավորումը հնարավորություն է ստեղծել  քննությունն ավելի արդյունավետ իրականացնելու, նախաքննության օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը ապահովվելու համար։

Բոլորի իրավահավասարությունն ու օրենքի գերակայությունն այն հիմնական սկզբունքներն են, որոնց գործածության միջոցով է հնարավոր միայն ապահովել  պետության առաջընթացն ու հասարակության բնականոն զարգացումը, ուստի մենք պարտավոր ենք օրըստօրե  բարձրացնել այն նշաձողը, որն  անմիջական ազդեցություն է ունենում դրանց կյանքի կոչմանը։ 

Յուրաքանչյուր ժամանակաշրջան առաջադրում է այնպիսի հրամայականներ, որոնց կատարման արդյունքում է ձևավորվում թերևս ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հասարակության վստահությունը  պետականության,  հետևաբար նաև  նրա կենսագործունեությունն ապահովող կառույցների նկատմամբ։ Քաղաքացու իրավունքների  և ազատությունների անշեղ ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու բոլորի համար զարգացման հավասար պայմանների ստեղծումը արդյունավետ պետական կառավարման ամենաառաջնային նախադրյալներն են։ Դա է հաջողության այն գրավականը, որով առաջնորդվում եք նաև դուք՝ ապահովելով արդարադատության սկզբնափուլը։ 

Հարգելի գործընկերներ.

Եվս մեկ անգամ շնորհավորելով   Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ՝ պետականության ամրապնդման մեր բաժին առաքելությունը պատվով կատարելու համար։