ՀայերենEnglishРусский
Որակավորման և կարգապահական հանձնաժողովներ / Որակավորման հանձնաժողով / Փաստաթղթեր / Հրամաններ /

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

04-10-2019


 ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՆՆՉԱԿԱՆ  ԿՈՄԻՏԵԻ  ՆԱԽԱԳԱՀԻ
  
Հ Ր Ա Մ Ա Ն

 

«15» հուլիսի 2019 թվական                                                                                                             N 2-Լ

    ք.Ստեփանակերտ

       Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին»  օրենքի 7-րդ հոդվածի և ղեկավարվելով «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ `

1.Ստեղծել «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: 
  1. Հաստատել «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
  

                                                                                                                                    Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

                                                     Հավելված   Արցախի Հանրապետության քննչական  կոմիտեի նախագահի                                              2019 թվականի 07 «15 » N 2-L հրամանի                                 

                                                              
                                                 
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
  1. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեին (այսուհետ` Կոմիտե) Արցախի Հանրապետության օրենքներով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը։
  2. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, Կոմիտեի նախագահի հրամաններով և այլ իրավական ակտերով:
  3. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրակցված գույք և իր իրավասության սահմաններում` Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  4. Աշխատակազմն իրավունք ունի Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
  5. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
  6. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Կոմիտեն:
  7. Աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, Կոմիտեի նախագահի հաստատած միասնական նմուշի ձևաթղթեր: Աշխատակազմի խորհրդանիշը կոմիտեի խորհրդանիշն է: Աշխատակազմը կարող է ունենալ այլ անհատականացման միջոցներ:
  8. Աշխատակազմի լրիվ անվանումն է`
  • հայերեն՝ «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ.
  • ռուսերեն՝ «Аппарат следственного комитета Республики Арцах» государственное управленческое учреждение.
  • անգլերեն՝ «Office of the Investigative Committee of the Republic of Artsakh» state administrative institution:
  1. Կոմիտեի Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Վ.Մամիկոնյան 68:

    II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ 
  1. Աշխատակազմի հիմնական նպատակը Կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելն է:
  2. Աշխատակազմն իր նպատակներին հասնելու համար իր ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց միջոցով՝
  • իրականացնում է Կոմիտեի նախագահին, նախագահի տեղակալներին, Կոմիտեի ստորաբաժանումներին Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովող գործառույթներ.
  • իրականացնում է Կոմիտեի և Աշխատակազմի ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ու տնտեսական ապահովման, կազմակերպական, անձնակազմի կառավարման, տեխնիկական սպասարկման, պետական գույքի կառավարման, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների կենտրոնացված ձեռքբերման պետական գնումների գործընթացները.
  • իրականացնում է Աշխատակազմի պետական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կադրային քաղաքականությունը, Կոմիտեի ու Աշխատակազմի աշխատողների անձնական գործերի վարումը և այլ բնույթի գործառույթներ՝ ուղղված համակարգի արդյունավետ գործունեության ապահովմանն ու աշխատողների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծմանը.
  • օժանդակում է Կոմիտեի հանձնաժողովների, խորհուրդների և մյուս կոլեգիալ մարմինների նիստերի կազմակերպատեխնիկական բնույթի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը.
  • իրականացնում է Կոմիտեի և Աշխատակազմի ներկայացուցչական արարողակարգերի ապահովմանն ուղղված գործառույթներ.
  • ապահովում է Կոմիտեի և Աշխատակազմի արտաքին կապերին առնչվող գործընթացները.
  • ապահովում է Կոմիտեի և Աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների և հասարակայնության հետ, աջակցում է մամուլի ասուլիսների, հարցազրույցների կազմակերպմանը.
  • իրականացնում է Կոմիտեի և Աշխատակազմի միասնական արխիվային գործի ու վիճակագրության կազմակերպումը.
  • ապահովում է Արցախի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի շտեմարանի վարումը, պատրաստում է համապատասխան իրավական ակտերի ժամանակագրական օրինակներ, ապահովում է Կոմիտեի ու Աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող իրավական ակտերի հաշվառումը.
  • ապահովում է Կոմիտեում և Աշխատակազմում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, համակարգչային ծրագրերի, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, ներքին ցանցի, տեղեկատվական միջազգային համակարգերի, հասանելիության միջոցների ներդրումը և շահագործումը.
  • ապահովում է Կոմիտեի ու Աշխատակազմի գործավարության միասնականությունը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, էլեկտրոնային գործավարության և դրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացումն ու պահպանումը և քաղաքացիների ընդունելությունը.
  • ապահովում է Կոմիտեի ու Աշխատակազմի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, անցագրային ռեժիմը և անվտանգությունը.
  • իրականացնում է «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքով, այլ օրենքներով, սույն կանոնադրությամբ և Կոմիտեի նախագահի հրամաններով սահմանված այլ լիազորություններ:

III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 
  1. Աշխատակազմը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից:
  2. Աշխատակազմի կառուցվածքը հաստատում է Կոմիտեի նախագահը:
  3. Կոմիտեի Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները հաստատում է Կոմիտեի նախագահը։
  4. Աշխատակազմի նստավայրը գտնվում է Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական մասնաշենքում:
  5. Աշխատակազմի ֆինանսավորումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեից՝ առանձին տողով՝ որպես Արցախի Հանրապետության քննչական կոմիտե, և կարգավորվում է «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքով:
  6. Կոմիտեի պահպանման ծախսերի ֆինանսավորումը և բյուջետային գործընթացն իրականացնում է Աշխատակազմը` կենտրոնացված կարգով:
    IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
  1. Աշխատակազմը կառավարում է Կոմիտեի նախագահը: Աշխատակազմը ենթակա և հաշվետու է Կոմիտեի նախագահին, որը՝
  • Աշխատակազմի խնդիրներին համապատասխան` սահմանում է Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.
  • Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնում է միջնորդություն Աշխատակազմի պետական ծառայողներին բարձրագույն խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ.
  • օրենքով սահմանված կարգով` իր կողմից նշանակվող Աշխատակազմի ղեկավարի նկատմամբ կիրառում է խրախուսանքի միջոցներ և կարգապահական տույժեր.
  • որոշում է Աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
  • լսում է Աշխատակազմի գործունեության հաշվետվությունները.
  • իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
  1. Կոմիտեի նախագահը`
  • սահմանում է պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով ստեղծվող մրցութային հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը և պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը.
  • սահմանում է պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթի թեստավորման անցկացման կարգը և բաց մրցույթի հարցազրույցի անցկացման ու գնահատման կարգը.
  • հաստատում է պետական ծառայողների անձնական գործերի վարման կարգը.
  • հաստատում (փոփոխում) է պետական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը).
  • հաստատում է Աշխատակազմում պետական ծառայողների միջև փոխհարաբերությունները կարգավորող ներքին կարգապահական կանոնները.
  • սահմանում է պետական ծառայողի ծառայողական բնութագրի ձևն ու բնութագրման չափանիշները, ինչպես նաև կատարողականի գնահատման ձևը և կարգը.
  • «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի հիման վրա հաստատում է պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը և ատեստավորման հանձնաժողովների կազմն ու աշխատակարգը.
  • «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի հիման վրա հաստատում է պետական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը.
  • «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի հիման վրա հաստատում է պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը.
  • հաստատում է Աշխատակազմում ծառայողական քննություն անցկացնելու կարգը.
  1. Աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարը: Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքով:
  2. Աշխատակազի ղեկավարը պետական ծառայող է, որին պաշտոնի է նշանակում Կոմիտեի նախագահը՝ հինգ տարի ժամկետով:
  3. Աշխատակազմի ղեկավարը Աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաև պետական ծառայող հանդիսացող, տեխնիկական սպասարկումն ապահովող ու պայմանագրային հիմունքներով այլ աշխատանքներ կատարող աշխատողների գործունեության կազմակերպման, համակարգման և ծառայողական վերահսկման լիազորություններով օժտված պաշտոնատար անձ է:
  4. Աշխատակազմի ղեկավարը ենթակա և հաշվետու է միայն Կոմիտեի նախագահին:
  5. Աշխատակազմի ղեկավարն իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար հանձնարարականներ և վերահսկում է դրանց կատարումը:
  6. Աշխատակազմի ղեկավարն առանց լիազորագրի, իր իրավասության սահմաններում, հանդես է գալիս Արցախի Հանրապետության և Կոմիտեի անունից, ներկայացնում է նրանց շահերն այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, կնքում է պայմանագրեր և գործարքներ:
  7. Աշխատակազմի ղեկավարը տալիս է Արցախի Հանրապետության, Կոմիտեի և Աշխատակազմի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր:
  8. Աշխատակազմի ղեկավարը՝
  • Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություն օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված` Կոմիտեի Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների և խնդիրների վերաբերյալ.
  • ապահովում է Աշխատակազմի բնականոն գործունեությունը, պարբերաբար վերլուծում է գործունեության արդյունքները, համակարգում ընթացիկ գործունեությունը և քննարկում է գործունեության ստուգման արդյունքները.
  • օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և Աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով, տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
  • Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
  • ապահովում է Աշխատակազմի կապը Արցախի Հանրապետության պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
  • տնօրինում է Աշխատակազմի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով ապահովում է տեղեկատվության տրամադրումը` ըստ նշանակության.
  • ապահովում է Կոմիտեի համակարգի մարմիններին և Աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանությունը, քննարկում է Աշխատակազմի իրավասու պետական ծառայողների՝ իրենց վստահված նյութական միջոցների պահպանման ու օգտագործման համապատասխանության ստուգման արդյունքները.
  • հսկողություն է իրականացնում Աշխատակազմի արխիվում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
  • գնումների մասին օրենսդրությանը համապատասխան` ապահովում է գնումների համակարգի առկայությունը.
  • սահմանված կարգով վերլուծում ու համեմատում է Աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներից ստացված անհրաժեշտ հաշվետվությունները, դրանք ամփոփում և ներկայացնում է Կոմիտեի նախագահին.
  • Կոմիտեում և Աշխատակազմում ապահովում է գույքի նպատակային օգտագործումը, օգտագործման ժամկետները, ինչպես նաև մնացորդ գույքի և այլ արժեքների հատկացման վերաբաշխումը, դուրսգրումն ու աճուրդային վաճառքի կազմակերպումը.
  • Կոմիտեի համակարգի աշխատողների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպում է Կոմիտեի և Աշխատակազմի մարմինների անցագրային ռեժիմը, զենքի, զինամթերքի, անձնական պաշտպանության միջոցների պահպանության ռեժիմները, վարչական շենքերի և շինությունների շահագործումն ու պահպանությունը.
  • ապահովում է Աշխատակազմում պետական ծառայության իրականացումը.
  • օրենքով սահմանված կարգով՝ իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Աշխատակազմի պետական ծառայողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող և հայեցողական պաշտոն զբաղեցնող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի միջոցներ և կարգապահական տույժեր՝ բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված պաշտոնների.
  • օրենքով սահմանված դեպքերում շնորհում է պետական ծառայության դասային աստիճաններ.
  • Կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում պետական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը).
  • կայացնում է որոշում Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին, հայտարարում է փակ մրցույթները.
  • տալիս է տեղեկանքներ պետական ծառայության թափուր պաշտոնների մասին, պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.
  • օրենքով սահմանված կարգով կայացնում է որոշում սահմանված կարգով պետական ծառայողների աշխատանքի գնահատման, մասնավորապես, նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ, Կոմիտեի նախագահի կողմից նշանակվող պետական ծառայողների բնութագրերը ներկայացնում է Կոմիտեի նախագահին.
  • Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկներ Կոմիտեի նախագահի կողմից պաշտոններում նշանակված Աշխատակազմի աշխատողներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
  • Կոմիտեի նախագահին է ներկայացնում Կոմիտեի նախագահի կողմից նշանակվող պետական ծառայողների թեկնածությունները.
  • սահմանված կարգով կազմակերպում է Աշխատակազմի աշխատողների որակավորման բարձրացման աշխատանքները.
  • միջոցներ է ձեռնարկում բյուջետային տարվա ֆինանսական հատկացումների նպատակային և արդյունավետ օգտագործման ուղղությամբ, կատարում բանկային գործարքներ.
  • ապահովում է Կոմիտեի համակարգի միջնաժամկետ ծախսային ծրագրի և առաջիկա տարվա բյուջետային հայտի մշակման աշխատանքները, իրականացնում է բյուջեի կատարողականի վերլուծություն.
  • հաստատում է Աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները և Աշխատակազմի պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվները.
  • կազմակերպում է Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների կողմից ստորագրման ենթակա փաստաթղթերի մասնագիտական ֆինանսատնտեսագիտական փորձաքննության իրականացումը.
  • ապահովում է Աշխատակազմում ֆինանսների կառավարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
  • ապահովում է Աշխատակազմում ֆինանսատնտեսական բնույթի իրավական ակտերի պահանջների կատարման գնահատումը.
  • ապահովում է ֆինանսական հաշվետվությունները սահմանված կարգով Կոմիտեի անունից Արցախի Հանրապետության Ազգային ժողով, Արցախի Հանրապետության Նախագահին, Արցախի Հանրապետության կառավարություն, Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատ ներկայացնելը.
  • Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ապահովում է սահմանված կարգով Կոմիտեի և Աշխատակազմի ֆինանսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները միասնական ներկայացնելը.
  • պատասխանատու է Կոմիտեի և Աշխատակազմի ֆինանսական պարտավորությունները և հիմնական միջոցներն արդյունավետ կառավարելու (ներառյալ հիմնական միջոցների հաշվառումը, պահպանությունը և շահագործումը), ինչպես նաև նյութական և ֆինանսական միջոցների վատնումն ու չնախատեսված ծախսերը կանխելու և արդյունավետ օգտագործելու համար.
  • ապահովում է արտաքին կապերի ոլորտում տարբեր միջազգային և այլ ծրագրերի իրականացումը, ֆինանսական հոսքերի կառավարումը, իրականացնում է Աշխատակազմի գործունեությանն առնչվող` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
                        V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

      28.Աշխատակազմը՝
 1) իրականացնում է Կոմիտեի և Աշխատակազմի միասնական բյուջետային գործընթացը, Կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց հայտերի հիման վրա տալիս է տեղեկանքներ.
 2) իրականացնում է Կոմիտեի և Աշխատակազմի միասնական արխիվային գործի վարումը, հանձնաժողովների և խորհուրդների նախապատրաստական աշխատանքները.
  3) ապահովում է Կոմիտեի և Աշխատակազմի միասնական պաշտոնական համացանցային կայքի աշխատանքը, օտարերկրյա պետություններում իրավական գործընթացների մասին տեղեկատվության հավաքման, մշակման և վերլուծման աշխատանքները.
   4) ապահովում է Կոմիտեի և Աշխատակազմի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպումը, Կոմիտեի և Աշխատակազմի ներկայացուցիչների արտասահմանյան այցերի հետ կապված աշխատանքները, ապահովում է թարգմանչական աշխատանքների կատարումը, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպումը.
 5) իրականացնում է Կոմիտեում և Աշխատակազմում միասնական կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ներքին ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների շահագործումը.
 6) իրականացնում է Կոմիտեի և Աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերի կամ այլ տեղեկատվական էլեկտրոնային հենքերի արխիվացումն ու պահպանումը.
  7) իրականացնում է պետական ծառայության պաշտոնների համար հայտարարված մրցույթների հայտերի ընդունումը, եզրակացություն է տալիս մրցույթի մասնակցի` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.
  8) ապահովում է տեղեկատվության միջոցների, այդ թվում` տեղական մամուլի ամենօրյա տեսության, ինչպես նաև համացանցի միջոցով օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերի ուսումնասիրման, դրանց հիման վրա՝ ամենօրյա տեսությունների կազմման աշխատանքները.
 9) ապահովում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքը, քաղաքացիների ընդունելության գործընթացի անխափանելիությունը.
 10) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

 VI. ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ 
  1. Կոմիտեի նախագահի խորհրդական, մամուլի քարտուղարի հաստիքը ներառվում է Աշխատակազմի հաստիքացուցակում, իսկ այդ հաստիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
  2. Կոմիտեի նախագահի խորհրդական, մամուլի քարտուղարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կոմիտեի նախագահը:
  3. Կոմիտեի նախագահի խորհրդական, մամուլի քարտուղարը`
1) պարբերաբար Կոմիտեի նախագահին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված բնագավառում իրավիճակի, երևույթների և իրադարձությունների զարգացման միտումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ՝ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
 2) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` կարող է մասնակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում Կոմիտեի գործունեությանն առնչվող քննարկումների.
 3) Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հիմնախնդիրների լուծման նպատակով, Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ.
  4) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` ներկայացնում է առաջարկություններ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Արցախի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի վերաբերյալ.
  5) ներկայացնում է Կոմիտեի նախագահի պաշտոնական տեսակետները Արցախի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
 6) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
     7) Կոմիտեի նախագահին և Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ Աշխատակազմի և Կոմիտեի մարմինների միասնական դիրքորոշման արտահայտման վերաբերյալ.
   8) իր գործունեության ծրագրերի մշակման ու իրականացման վերաբերյալ առաջարկներ և վերլուծություններ է ներկայացնում Կոմիտեի նախագահին, որի հետ համաձայնեցնելուց հետո, հետևում է դրանց իրականացմանը.
 9) անցկացնում է Կոմիտեի նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.
 10) Կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ նրա հրապարակային ելույթների վերաբերյալ, դրանք կազմելիս` համագործակցում է Աշխատակազմի ղեկավարի հետ.
 11)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով և հերքումներով.
 12)կատարում է Կոմիտեի նախագահի առանձին հանձնարարություններ:
  1. Կոմիտեի նախագահի խորհրդական, մամուլի քարտուղարի գործունեության ուղղությունները սահմանում է Կոմիտեի նախագահը:
 

VII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ 

  1. Աշխատակազմի պետական ծառայողները և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողներն իրենց գործառույթներն իրականացնում են՝ համաձայն Արցախի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, պաշտոնի անձնագրի և այլ իրավական ակտերի:
  2. Աշխատակազմում պետական ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են «Դատական ծառայության մասին» օրենքով և Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ներքին կարգապահական կանոններով:
  3. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համարվում են Աշխատակազմի աշխատողներ, նրանց հաստիքները ներառվում են Աշխատակազմի հաստիքացուցակում, իսկ այդ հաստիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
  4. Աշխատակազմի պետական ծառայողները և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողները հաշվետու են ըստ վերադասության և գործում են յուրաքանչյուրն իր լիազորություններին համապատասխան:


 VIII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
 
  1. Աշխատակազմի գույքը ձևավորվում է Արցախի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
  2. Աշխատակազմն իրավունք ունի Արցախի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
  3. Աշխատակազմի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեից:
  4. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնությունները և իր կարիքների համար գնումները կատարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

  5. Աշխատակազմը վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով սահմանված կարգով: