ՀայերենEnglishРусский
Նորություններ / Պաշտոնական /

ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01-07-2021


Հարգելի գործընկերներ, ԱՀ քննչական կոմիտեն երկու տարեկան է:

2019 թվականի այս օրը հիշարժան է այն բանով, որ  Արցախի իրավապահ համակարգը համալրվեց ևս մեկ առանձին կառույցով՝ ԱՀ քննչական կոմիտեով: Պատերազմի հետևանքով ստեղծված իրականությունը դժվարեցնում է տոնական տրամադրություն հաղորդել մեր ծառայակիցներին, ուստի առավել հրամայական է մատնանշել այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է ուղենիշ լինեն մեր գործունեության արդյունավետության բարձրացման այդ կերպ Արցախի պետականաշինության ամրապնդմանը մեր լուման ներդնելու գործում։

Պատերազմն իր հետ բերեց իրողություններ, որոնց պայմաններում պարտավոր ենք առավելագույն ջանքեր գործադրել մարդու իրավունքների պաշտպանության և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Չեմ կարող չշեշտել այն պատասխանատվությունը, կարգապահությունն ու տոկունությունը, որը ցուցաբերվեց մեր կողմից 44 օրվա և դրան հաջորդող ժամանակաընթացքում: Այսօրվա իրականությունը լուրջ փորձություն և մարտահրավեր էր նաև մեզ՝ ՔԿ ծառայողներիս համար, քանի որ պատերազմն իր հետ բերեց առանձնակի դաժանություն, որը չէր կարող չազդել հանցագործությունների կատարման առանձին դրսևորումների վրա:

Մարտական գործողությունների և հրետակոծության պայմաններում քննչական կոմիտեն ամենայն պատասխանատվությամբ իրականացրեց պատերազմի հետևանքների արձանագրման և յուրաքանչյուր առանձին դեպքի իրավական գնահատական տալու օրենսդրական գործառույթները։

Հանցավորության դեմ տարվող պայքարում որպես առաջնահերթություն եմ դիտարկում համախմբելու Հանրապետության բոլոր իրավապահ և ուժային կառույցների ներուժը՝  դրսևորելով սկզբունքայնություն ապօրինությունների հանդեպ ու այդ կերպ արդարացնելու հասարակության սպասումները։

Սրանք են մեր հաջողության գրավականները և միայն այդ կերպ կարող ենք առաջ նայել և քայլելով քաղաքակիրթ աշխարհին՝ համընթաց կյանքի կոչել իրավական և ժողովրդավարական երկիր ունենալու բոլորիս նպատակը։ 

Օգտվելով օրվա խորհրդից՝ ցանկանում եմ Ձեր բոլորի և իմ անունից շնորհակալություն հայտնել  Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեմ միասնական պայքար մղելու և ստեղծված իրավիճակը պատվով հաղթահարելու գործում ներդրած ջանքերի համար:

Մեր մի շարք աշխատանքներ հնարավոր չէր իրականացնել առանց ՀՀ քննչական կոմիտեի և անձամբ նրա ղեկավար Հայկ Գրիգորյանի կողմից ցուցաբերված գործընկերային վերաբերմունքի, որի համար հղում եմ իմ խորին երախտիքը։

Ասելիքները շատ են, սակայն ներկա իրականությունը մեզ պարտադրում է միայն ծառայել իրավունքին և օրենքին, պաշտպանել յուրաքանչյուրի իրավունքը հանցավոր ոտնձգություններից:

Մասնագիտական օրվա առթիվ իմ երախտագիտությունն եմ հայտնում քննչական կոմիտեի ծառայողներին և  հորդորում, որ այսուհետ  ավելի հետևողական լինենք այն պարզ պատճառով, որ առանց մեծ ջանքերի անհնար է պետություն՝ առավել ևս իրավական պետություն ունենալը, իսկ իրավական պետության կարևորագույն բաղադրիչը մարդու և պետության իրավունքի պաշտպանությունն է:

Ես վստահ եմ, որ կարողանալու ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և սերունդներին փոխանցել ազատ, անկախ Արցախ: