ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ

15-02-2021


 Սույն թվականի փետրվարի 12-ին ԱՀ քննչական կոմիտեում կայացավ կոլեգիայի նիստ, որի օրակարգը նվիրված էր ԱՀ ՔԿ 2020թ գործունեության արդյունքների ամփոփմանը։

 Օրակարգի հարցի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց ԱՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության, ներքին անվտանգության, միջազգային հարցումների ապահովման և կազմակերպական-վերլուծական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արտյոմ Գաբրիելյանը։

Ըստ զեկուցողի` 2020 թվականի ընթացքում ԱՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից վարույթ են ընդունվել ընդհանուր առմամբ թվով 752 քրեական գործեր`  նախորդ տարվա 523-ի համեմատ: Աճը կազմել  է 229  քրեական  գործ  կամ  43.8%:

Հաշվի առնելով 2019թ. մնացորդ թվով 78 քրեական գործերը (2018թ. մնացորդ 56 քրեական գործ)` քննչական կոմիտեն հաշվետու ժամանակահատվածում նախաքննություն է իրականացրել 830 քրեական գործերով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 579-ի համեմատ.  աճը կազմել է 251 քրեական գործ կամ 43.3%:

ԱՀ քննչական կոմիտեի նախագահը, վերլուծելով 2020թ. կատարած աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները, հանձնարարեց հատուկ ուշադրության արժանացնել և բոլոր միջոցները ձեռնարկել ագրեսիվ պատերազմի պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության, օբյեկտիվության և բազմակողմանիության ապահովման ուղղությամբ:

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ի. Ռ. Գրիգորյանը հանրապետությունում ստեղծված հետպատերազմյան ժամանակաշրջանի նոր իրավիճակներով պայմանավորված, հանձնարարեց նախաքննութան ընթացքում խստորեն պահպանել օրենքի պահանջները՝ քննության օբյեկտիվության և դատավարության կողմերի իրավունքների ապահովման առումով, իսկ քննչական գործողութունները կազմակերպել անվտանգության կանոնների խստագույնս պահպանմամբ: