12-01-2021
2020թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, ապակին ջարդելու միջոցով ապօրինի մուտք է գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի կենտրոնական մասում գտնվող Վ.Հ.-ին պատկանող խանութի շենքի ներս և այնտեղից գաղտնի հափշտակել ավտոպահեստամասեր՝ Վ.Հ.-ին պատճառելով խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամ գույքային վնաս, այնուհետև ուրիշի գույքը ոչնչացնելու նպատակով դիտավորությամբ հրկիզել է նշված խանութի շենքի 2-րդ հարկը՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 4.000.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: