ՀայերենEnglishРусский
Նորություններ / Պաշտոնական /

Հանցագործությունների նպաստող հանգամանքների վերացումը՝ առաջնահերթություն. Կոլեգիայի նիստ ԱՀ քննչական կոմիտեի առաջին կիսամյակի կատարած աշխատանքների ամփոփման օրակարգով

31-07-2020


Սույն թվականի հուլիսի 31-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ որը վարում էր ԱՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը։ Մասնակցում էին ԱՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների պատասխանատուները։

Օրակարգի հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԱՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության, ներքին անվտանգության, միջազգային հարցումների ապահովման և կազմակերպական-վերլուծական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արտյոմ Գաբրիելյանը։

ԱՀ քննչական կոմիտեն հաշվետու ժամանակահատվածում նախաքննություն է իրականացրել 374 քրեական գործով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 276-ի համեմատ.  աճը կազմել է 98 քրեական գործ, կամ 35.5%:

Ընդհանուր առմամբ վարույթում առկա 374 քրեական գործերից (2019թ. 1-ին կիսամյակում՝ 276) հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է 177 քրեական գործ՝ 2019թ. 1-ին կիսամյակի 128-ի համեմատ, իսկ նախաքննության վարույթը կասեցվել է 55 քրեական գործով։

Որպես կասկածյալ ձերբակալվել է 13 անձ: Դատարան է ներկայացվել կալանքի 17 միջնորդություն։

Հանցագործությունների նպաստող հանգամանքները վերացնելու համար ներկայացվել է 10 միջնորդագիր:

ՔԿ նախագահ Իգոր Գրիգորյանն առանձին-առանձին վերլուծության ենթարկելով արձանագրած ցուցանիշները, մի շարք առանցքային ուղղություններով հստակ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին, նշելով, որ  ամենաառաջնայինը քննության որակի շարունակական բարձրացումն ու օբյեկտիվության և բազմակողմանիության ապահովումն է, որը պայմանավորված է պրոֆեսիոնալ՝ մասնագիտական և բարոյական վեհ արժանիքներով օժտված քննիչներով.

-Ձեզնից յուրաքանչյուրը պետք է ամբողջովին ընկալի, որ իրականացնում է հասարակության անդամների միջև արդարության վերահաստատման առաքելությունը, հետևաբար պարտավոր եք հետամուտ լինել հանցագործության կատարմանը նպաստող բոլոր հանգամանքները վերացնելուն ուղղված օրենքով սահմանված գործառույթների անշեղ իրականացմանը, - նշեց ՔԿ նախագահը:

Բավարար գնահատելով ԱՀ քննչական կոմիտեի  առաջին կիսամյակի գործունեության արդյունքները,  Իգոր Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ քրտնաջան աշխատանքի և ծառայության հանդեպ հետևողական վերաբերմունքի շնորհիվ պատասխանատուներին կհաջողվի շտկել թերությունները և ապագայում արձանագրել ավելի բարձր ցուցանիշներ: