ՀայերենEnglishРусский
Նորություններ / Պաշտոնական /

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

02-07-2020


Սույն թվականի հուլիսի 1-ին Արցախի Հանրապետությունում առաջին անգամ նշվեց Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայող օրը։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունելով ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ կոմիտեի պատվիրակությանը, և մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորելով քննչական կոմիտեի ծառայողներին, որպես առաջնահերթ ուղեգիծ կարևորեց իրավունքի գերակայության ու օրենքի առջև բոլորի հավասարության ապահովման անշեղ իրականացումը: Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Հանրապետության նախագահի հրամանագրով, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվեցին քննչական կոմիտեի նախագահի տեղակալներն և աշխատակազմի ղեկավարը։         Մասնագիտական օրվա հանդիսավոր արարողությունը շարունակվեց Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում։ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը իր շնորհավորական խոսքում որպես քննչական կոմիտեի գործունեության առանցք համարելով մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հանձնարարեց սկզբունքայնություն դրսևորել ապօրինությունների հանդեպ պայքարում և այդ կերպ արդարացնել հասարակության սպասումները։ Այնուհետև հրապարակվեցին ԱՀ քննչական կոմիտեի մի շարք ծառայողների պարգևատրման վերաբերյալ, ինչպես Արցախի Հանրապետության նախագահի, այնպես էլ իրավապահ և ԱՀ քննչական կոմիտեի հետ համագործակցող կառույցների ղեկավարների հրամանները։