ՀայերենEnglishРусский
ՔԿ ղեկավարություն / Քննչական կոմիտեի նախագահ / Ուղերձներ /

ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01-07-2020


Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հարգելի՛ գործընկերներ.

Իմ շնորհավորանքներն եմ հղում՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:

2020թ հուլիսի 1-ին՝ առաջին անգամ նշում ենք  Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի  մասնագիտական օրը, ինչը ոգևորության զգացման հետ մեկտեղ, զգոնության և պատասխանատվության ազդակներ է հղում  բոլորիս։

Յուրաքանչյուր ժամանակաշրջան առաջադրում է այնպիսի հրամայականներ, որոնց կատարման արդյունավետությամբ է պայմանավորվում ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հասարակության վստահությունը  պետության,  հետևաբար նաև  նրա կենսագործունեությունն ապահովող կառույցների նկատմամբ։

Մարդու և քաղաքացու հիմնական իրա­վունք­ների ու ազատությունների պաշտպանությունը մեր գործունեության առանցքն է, որի անթերի կատարմանը պետք է լծվենք ողջ ներուժով, դրսևորենք սկզբունքայնություն ապօրինությունների  հանդեպ և արդարացնենք հասարակության սպասումները։

Մենք՝ արդարադատության սկզբնափուլն իրականացնողներս, պարտավոր ենք  մասնագիտական բարձր պատրաստվածության և ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ մշտապես ակտիվացել հանցավորության դեմ տարվող պայքարը, ինչը հնարավոր է իրավապահ և ուժային կառույցների հետ համագործակցության շարունակական բարձրացման շնորհիվ միայն։

Աներկբա է, որ հատկապես քննչական կոմիտեի ընդհանուր գործունեության արդյունավետությունը պայմանավորված է  ոչ միայն  մասնագիտական հմտություններով, այլև  բարոյական վսեմ արժանիքներով օժտված ծառայողների աշխատանքով։

Հավաստիացնում եմ, որ գնահատանքի են արժանանալու այն քննիչները, ովքեր ամբողջովին ընկալում են նշվածս իրողությունները, որոնք կշարունակեն իրենց անմնացորդ ծառայությունը պետությանը, օրենքին և քաղաքացուն, որպես ուղենիշ ընկալելով այդ  եզրույթները։

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից երախտիքս եմ հայտնում  Արցախի Հանրապետության  և  Հայաստանի Հանրապետության իրավապահ կառույցների պատասխանատուներին՝ սերտ համագործակցության համար։ Հատուկ դրվատանքի է արժանի Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քննչական կոմիտեների միջև փոխգործակցությունը, ինչն ազդարարվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման սկզբնափուլում։

Կցանկանայի նաև ջերմագին ողջուններ հղել  Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման աշխատանքներին  էական ներդրում ունեցած մեր կառույցի լավագույն բարեկամին ու իմ ընկերոջը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ  Հայկ Գրիգորյանին։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ, բոլորիդ մաղթում եմ ծառայողական վերելք, Ձեր ընտանիքներին՝ խաղաղություն, ջերմություն և համերաշխություն: