ՀայերենEnglishРусский
Քննչական կոմիտե / Խորհրդանիշներ /

ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
 
      Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը հաստատվել է ԱՀ կառավարության 2019թ օգոստոսի 2-ի որոշմամբ։  
     Խորհրդանիշի տարրերն են` երկու արծիվները, նրանց գլխավերևում զետեղված թագերը, վահանը (երկու խաչաձևված աչքերի տեսքով), կնգումի (հայկական կզաքիսի) մորթին և կաղնու տերևները:           Խորհրդանիշի ոսկեգույնով երիզված շրջանակաձև կենտրոնում երկու արծիվները պահում են խաչված աչքերի գծապատկերով ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթիով:
    Հաջորդ՝ արտաքին շրջանակաձև շերտում ոսկեգույն հայերեն տառերով գրված է «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ»:
    Ընդհանուր շրջանը երիզում է Արցախի Հանրապետության դրոշը:
    Շրջանի ընդհանուր ետնապատկերը (ֆոնը) մուգ կապույտ է:
    Արծիվները ոսկեգույն են և խորհրդանշում են ուժ, սլացք, զգոնություն, կամք և սրատեսություն:
    Արծիվների գլխավերևում զետեղված թագերը խորհրդանշում են իշխանություն:
    Կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթին ընդգծված է սև գույնի պոչիկների պատկերներով: Այն խորհրդանշում է արդարություն (արդարադատություն), անաղարտություն և ողջախոհություն՝ վկայելով կրողի բարոյականության, վեհության և անբասիրության մասին:
    Խաչված աչքերի գծապատկերով ոսկեգույնով երիզված վահանը խորհրդանշում է ուշադրություն, ուշիմություն, անձի, հասարակության և պետության պաշտպանության ապահովում հանցագործություններից:
    Սուրը ոսկեգույն է և խորհրդանշում է անկախություն, արդարություն և պայքար: Այն ուղղահայաց դիրքով գտնվում է վահանի հետնամասում: Վահանից դուրս՝ վերևի մասում երևում է սրի խաչաձև բռնակը, իսկ ներքևից դուրս է գալիս սրի շեղբը:
   Միմյանց փոխկապակցված կաղնու երկու ոսկեգույն տերևները խորհրդանշում  են  անհողդողդ  ուժ, տոկունություն, երկարակեցություն և վեհություն:
   Ոսկեգույնը խորհրդանշում է իմաստություն, արժանապատվություն:
   Մուգ կապույտը խորհրդանշում է զսպվածություն, ճշմարտություն, վճռականություն:
Խորհրդանիշի պատկերն ունի շրջանաձև տեսք: Շրջանը հավերժության և անսահմանության խորհրդանիշն է: